Աշխարհին սպասում են ամենավտանգավոր 8 շաբաթները․ ինչպես կարող է տարածաշրջանային պատերազմը վերածվել Երրորդ համաշխարհայինի․ Ռոբերտ Փեյփ

Ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին խորհրդական Ռոբերտ Փեյփը զգուշացնում է, որ առաջիկա ութ շաբաթները կարող են դառնալ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար ծայրահեղ վտանգավոր ժամանակաշրջան։ Նրա գնահատմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր ռազմական գործողությունները, Ուկրաինայում պատերազմի սրումը և Միացյալ Նահանգներում ներքաղաքական լարվածությունը կարող են փոխադարձաբար խորացնել միմյանց՝ հանգեցնելով շատ ավելի լայն ճգնաժամի։ Հիշեցնենք, ԱՄՆ քաղաքական, փորձագիտական շրջանակներում քննարկումներ կան այն մասին, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտից, հանրապետականների պարտությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացած պահի կարող է հրաման տալ Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփն անվտանգության հարցերով կաբինետի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը։ Պատասխանելով Իրանում ռազմական գործողությունները վերսկսելու իր ծրագրերի մասին հարցին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը մեծապես ավերված է, և դրա վերականգնման համար կպահանջվի ավելի քան երկու տասնամյակ։ «Եթե հնարավոր լինի, ես կնախընտրեի չավերել երկրի մնացած մասը, բայց, հնարավոր է, ստիպված լինեմ դա անել։ Շուտով ամեն ինչ կիմանաք»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ հանդիպումից հետո։ Fox News-ի հաղորդմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են սկսվել նոյեմբերի 9-ին։ Axios-ի տեղեկություններով՝ Թրամփը դիտարկում է երեք տարբերակ՝ նոր հարվածներ հասցնել Իրանին, շարունակել տնտեսական ճնշումը կամ համաձայնության գալ, որը զգալի զիջումներ կպահանջի իրանական կողմից։Թրամփը դիտարկում է 3 տարբերակ՝ նոր հարվածներ հասցնել Իրանին, շարունակել տնտեսական ճնշումը կամ գործարք կնքել՝ իրանական կողմից զգալի զիջումների դիմաց։ Այս ընթացքում, սակայն, դիվանագիտական ակտիվ շփումներ են ընթանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանային միջնորդների հետ՝ Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Եգիպտոսից։ Քաթարցի միջնորդները շարունակել են իրանցիների և Սպիտակ տան հետ քննարկումները առաջարկի նախագծի շուրջ, որը նախատեսում է մի շարք քայլեր, որոնք կողմերը պետք է իրականացնեն երկու օրվա ընթացքում։ Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին օրը ԱՄՆ-ը պետք է վերացնի ծովային շրջափակումը և ապասառեցնի իրանական սառեցված միջոցների մի մասը։ Դրա դիմաց Իրանը պետք է պաշտոնական հրավեր ուղարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ռմբակոծված միջուկային օբյեկտներ տեսուչներ ուղարկելու համար՝ հիմք ընդունելով մեկ տարի առաջ Կահիրեում ձեռք բերված համաձայնությունը։ Երկրորդ օրը պետք է բացվի Հորմուզի նեղուցը, որից հետո կվերսկսվեն միջուկային բանակցությունները՝ կենտրոնանալով Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների վրա։ Ռոբերտ Փեյփը կարծում է, որ Թրամփի կողմից Իրանի հետ հակամարտության նոր սրման վտանգը չափազանց մեծ է, հատկապես՝ Կոնգրեսի նոր կազմի պաշտոնավարման մեկնարկից մոտ երկու ամիս առաջ։ The Diary Of A CEO հաղորդման՝ Սթիվեն Բարթլեթի հետ հարցազրույցում զգուշացրել է սպասվող վտանգների և զարգացումների մասին՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Թրամփն ավելի ու ավելի է խորանում էսկալացիայի ծուղակի մեջ Փեյփի գլխավոր մտահոգություններից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դիմել՝ փորձելով հասնել այն արդյունքին, որին մինչ այժմ չի հաջողվել հասնել ռազմական ճնշման միջոցով։ «Մենք ավելի ու ավելի ենք խորանում էսկալացիայի ծուղակի մեջ»,- ասել է նա՝ նկարագրելով Իրանի դեմ ամերիկյան գործողությունների տրամաբանությունը։ Քաղաքագետի խոսքով՝ ռազմական հարվածները կարող են մարտավարական հաջողություններ ապահովել, սակայն դա դեռ չի նշանակում ռազմավարական հաղթանակ։ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են ոչնչացնել Իրանի ռազմական օբյեկտները, հարվածներ հասցնել նրա ղեկավարությանը, բայց դրանից Իրանը պարտադիր չէ, որ կապիտուլյացիայի ենթարկվի կամ փլուզվի։ Փեյփի գնահատմամբ՝ Իրանը, իր հերթին, կարողացել է Հորմուզի նեղուցը վերածել ԱՄՆ-ի և միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու կարևոր գործիքի։ Այս իրավիճակում Վաշինգտոնը կարող է հայտնվել մի շրջապտույտի մեջ, երբ յուրաքանչյուր հաջորդ ռազմական գործողություն պահանջում է ավելի մեծ գործողություն՝ նախորդի արդյունքներն ամրապնդելու համար։ Նա այս իրավիճակը համեմատում է ռուլետկայի հետ. երբ խաղացողը պարտվում է, նա կրկին խաղադրույք է կատարում՝ կորցրածը հետ բերելու հույսով։ Փեյփի կարծիքով՝ Թրամփը կարող է նույն կերպ մեծացնել ռազմական խաղադրույքները՝ փորձելով պահպանել իր քաղաքական հեղինակությունը։ Իրանի դեմ նոր հարվածները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի Փեյփը զգուշացնում է, որ Իրանի դեմ քննարկվող նոր ռազմական գործողությունները կարող են շատ ավելի լայն լինել, քան սահմանափակ հարվածների մասին հայտարարություններն են ենթադրում։ Նրա գնահատմամբ՝ թիրախների շարքում կարող են հայտնվել Իրանի ղեկավարության ներկայացուցիչները, նավթավերամշակման գործարանները, էներգետիկ ենթակառուցվածքները և կամուրջները։ Քաղաքագետը զուգահեռներ է անցկացնում 1991 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ-ի իրականացրած «Instant Thunder» ռազմական ծրագրի հետ, որի նպատակն էր լայնածավալ օդային հարվածներով կաթվածահար անել Սադամ Հուսեյնի վարչակարգը։ Փեյփը հիշեցնում է, որ այդ գործողությունների հետևանքով, իր գնահատմամբ, զոհվել է 5-15 հազար խաղաղ բնակիչ, և զգուշացնում է, որ Իրանի դեմ նմանատիպ գործողությունները նույնպես կարող են հանգեցնել մեծաթիվ քաղաքացիական զոհերի։ Նրա մտահոգությունն այն է, որ լայնածավալ ռմբակոծությունները կարող են չլուծել հակամարտությունը, այլ ստեղծել նոր ռազմական խնդիրներ, որոնց լուծման համար Վաշինգտոնը ստիպված կլինի ավելի խորացնել իր ներգրավվածությունը։ ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել ցամաքային զորքեր ուղարկել Իրան Փեյփի ներկայացրած ամենավտանգավոր սցենարներից մեկն այն է, որ Իրանի դեմ օդային հարվածները կարող են հանգեցնել ամերիկյան ցամաքային զորքերի ներգրավմանը։ Նրա տրամաբանությամբ՝ նույնիսկ լայնածավալ ռմբակոծություններից հետո Իրանի ռազմական կարողությունները կարող են ամբողջությամբ չոչնչացվել։ Իրանական ուժերը կարող են շարունակել պատասխան գործողությունները՝ հարվածներ հասցնելով ամերիկյան ուժերին և տարածաշրջանի այլ երկրների։ Այդ պարագայում ԱՄՆ-ում կարող է ձևավորվել ցամաքային ուժեր ուղարկելու պահանջ՝ Իրանի մնացած ռազմական կարողությունները չեզոքացնելու համար։ Փեյփի գնահատմամբ՝ հենց այսպես կարող է սկսվել երկարատև պատերազմ, որի ավարտը կանխատեսելը և դրանից դուրս գալը չափազանց դժվար կլինի։ Պատերազմը կարող է ընդգրկել Պարսից ծոցի երկրները Ամերիկացի փորձագետը զգուշացնում է նաև, որ Իրանի դեմ նոր հարվածների դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ ԱՄՆ-Իրան երկկողմ դիմակայության շրջանակներից։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի պատասխան գործողությունները կարող են ուղղվել ոչ միայն ամերիկյան ռազմական օբյեկտների, այլև Պարսից ծոցի երկրների ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտների դեմ։ Այսպիսով, Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են ներքաշել տարածաշրջանի այլ պետությունների՝ ստեղծելով ավելի լայնածավալ ռազմական հակամարտության վտանգ։ Ուկրաինային կարող է սպասել «մութ ձմեռ» Փեյփը միջազգային իրավիճակի մյուս կարևոր սպառնալիքը տեսնում է Ուկրաինայում պատերազմի հնարավոր սրման մեջ։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է ձմռանը մեծացնել հարվածներն Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ հատկապես էլեկտրաէներգետիկ համակարգին։ Նա ուշադրություն է հրավիրում Կիևի, Խարկովի և Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիության վրա՝ ընդգծելով, որ նման հարվածները կարող են ծանր հետևանքներ ունենալ Ուկրաինայի բնակչության համար։ Փեյփի կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակի վատթարացումը կարող է նաև Եվրոպային կանգնեցնել ավելի անմիջական ներգրավվածության անհրաժեշտության առաջ։ Իրանի և Ուկրաինայի պատերազմները կարող են միավորվել համաշխարհային ճգնաժամի մեջ Փեյփի ամենալուրջ նախազգուշացումներից մեկն այն է, որ Իրանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները կարող են փոխկապակցվել և հանգեցնել համաշխարհային պատերազմի վտանգի մեծացման։ Նրա ներկայացրած հնարավոր սցենարի համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածները կարող են առաջացնել Թեհրանի պատասխան գործողությունները տարածաշրջանում։ Միաժամանակ Ռուսաստանը կարող է ուժեղացնել ռազմական ճնշումն Ուկրաինայի վրա։ Եթե դրան հաջորդի եվրոպական երկրների ավելի անմիջական ռազմական արձագանքը Ռուսաստանի գործողություններին, հակամարտությունը կարող է դուրս գալ իր ներկայիս սահմաններից։ Փեյփի գնահատմամբ՝ հատկապես վտանգավոր կլինի այն իրավիճակը, երբ Եվրոպան որոշի ռազմական պատասխան տալ Ռուսաստանին։ Այդ պարագայում կարող է առաջանալ երրորդ համաշխարհային պատերազմի սցենարի վտանգ։ Նա, սակայն, այս զարգացումները ներկայացնում է որպես հնարավոր սցենար, ոչ թե անխուսափելի արդյունք։ ԱՄՆ-ին կարող է սպառնալ ներքաղաքական բռնության նոր ալիք Փեյփը առաջիկա ութ շաբաթների վտանգավորությունը պայմանավորում է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակով։ Նրա խոսքով՝ միջանկյալ ընտրություններից հետո սկսվող իշխանության փոխանցման ժամանակահատվածը պատմականորեն խոցելի փուլ է, հատկապես այն պայմաններում, երբ երկրում խորանում են քաղաքական տարաձայնությունները։ Նա հիշեցնում է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում։ Փեյփի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում քաղաքական բևեռացումն այնպիսի մակարդակի է հասել, որ տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչների շրջանում աճում է քաղաքական բռնության արդարացման պատրաստակամությունը։ Նա այդ երևույթը բնութագրում է որպես «բռնի, ագրեսիվ պոպուլիզմ» և այն համարում ամերիկյան ժողովրդավարության համար լուրջ սպառնալիք։ Թրամփը կարող է դիմել արտակարգ լիազորությունների Փեյփի մտահոգություններից մեկն այն է, որ արտաքին ռազմական ճգնաժամը կարող է վերածվել նաև ԱՄՆ-ում կառավարման ճգնաժամի։ Նրա ներկայացրած սցենարով՝ եթե Իրանի պատերազմը շարունակվի, իսկ Միացյալ Նահանգներում ներքաղաքական բռնության վտանգն աճի, Թրամփը կարող է ավելի հաճախ դիմել արտակարգ լիազորությունների։ Փորձագետը զգուշացնում է, որ նման զարգացումների պայմաններում ԱՄՆ-ը կարող է հայտնվել արտակարգ կառավարման երկարատև ռեժիմի մեջ։ Նրա գնահատմամբ՝ այս բոլոր գործընթացների համադրությունը կարող է 2027 թվականը դարձնել աղետալի տարի։ Փեյփի առաջարկները՝ էսկալացիան կանխելու համար Չնայած իր մտահոգիչ գնահատականներին՝ Փեյփը կարծում է, որ դեռ հնարավոր է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը։ Դրա համար նա առաջարկում է մի քանի քայլ։ Առաջին՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է սահմանափակի Իրանի դեմ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը մինչև նոր կազմի աշխատանքի մեկնարկը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Իրանը առաջինը հարված կհասցնի ԱՄՆ-ին։ Երկրորդ՝ ԱՄՆ նահանգապետերն ու քաղաքապետերը պետք է պահանջեն երկու ամսով սահմանափակել դաշնային զինված ուժայինների ներկայությունը քաղաքներում, եթե դրա անհրաժեշտությունը տեղական իշխանությունները չեն խնդրել։ Երրորդ՝ միջազգային միջնորդները, այդ թվում՝ Պակիստանը, Քաթարը և Հնդկաստանը, պետք է կոչ անեն հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Փեյփն այս միջոցներն անվանում է «կրակային պատնեշներ»՝ նկատի ունենալով այնպիսի քաղաքական և դիվանագիտական սահմանափակումներ, որոնք կարող են կանգնեցնել էսկալացիայի շղթան։ Փեյփի հիմնական նախազգուշացումն այն է, որ առաջիկա 8 շաբաթների ընթացքում ամենամեծ վտանգը կարող է ներկայացնել ոչ թե մեկ առանձին ռազմական գործողությունը, այլ մի քանի ճգնաժամերի փոխադարձ սրումը։ Նրա կարծիքով՝ եթե կողմերը չկարողանան կանգնեցնել այդ գործընթացը, Իրանի շուրջ սկսված հակամարտությունը կարող է շատ ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ։ Նշենք, Ռոբերտ Փեյփը հայտնի քաղաքագետ է, ով վերջին 30 տարիների ընթացքում ուսումնասիրում է գլոբալ քաղաքական բռնությունը և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից ի վեր խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ Սպիտակ տանը։ Նա ռազմական ռազմավարության և քաղաքական անկայունության վերաբերյալ մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ իր վերջին՝ «Մեր ամենավատ թշնամիները» (Our Own Worst Enemies) գրքի։ Նրա լայնածավալ հետազոտություններն ուղղված են ագրեսիվ պոպուլիզմի խորքային պատճառները հասկանալուն և աշխարհաքաղաքական էսկալացիայի ծուղակներից խուսափելու արդյունավետ մեթոդներ առաջարկելուն։ Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17685

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով