Մելոնին քննադատել է ԵՄ-ին՝ Ուկրաինայի շուրջ միասնական դիրքորոշման բացակայության համար

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Եվրամիությանը՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ստեղծված խառնաշփոթի համար։ Նա պահանջել է հստակեցնել, թե ով է ներկայացնելու ԵՄ-ն բանակցություններում և ինչ լիազորություններով։ «Ես շարունակում եմ պնդել, որ վերջապես պետք է որոշվի՝ ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ Եվրամիության անունից և ինչ մանդատով»,- Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում գրել է Մելոնին։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների չհամաձայնեցված գործողությունները չեն նպաստի ո՛չ դաշնակիցների հետ հարաբերություններին, ո՛չ էլ նրանց հետ աշխատանքին, ում անհրաժեշտ է համոզել դադարեցնել «անիմաստ ագրեսիան»։ «Համոզված եմ, որ անկանոն գործող Եվրոպայի կերպարով մենք ծառայում ենք միայն նրանց շահերին, ովքեր ցանկանում են շարունակել այս պատերազմը»,- Մելոնիի նամակը մեջբերում է AFP գործակալությունը։ Իտալիայի վարչապետն առաջարկել է հարցը քննարկել նոյեմբերի 13-ին Դուբլինում կայանալիք Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը նախատեսված է նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ հանդիպման օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգությունը, լարվածության թուլացումը, մարդասիրական նախաձեռնություններն ու խաղաղության հաստատման հաջորդ քայլերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17691

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով