Մինչ Թրամփի վարչակազմն այս օրերին փորձում է հաղթահարել օրերս ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների խիստ բացասական արդյունքները հանրապետականների համար, իրանական կողմը փորձում է առավելագույն քաղաքական-տեղեկատվական օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով, ինչպես նաև չդադարեցնելով դիվանագիտական ջանքերն ԱՄՆ-Իրան զինված հակամարտությունն ավարտելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին: Կրեմլի փոխանցմամբ՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ Պարսից ծոցում իրավիճակի շեշտադրմամբ: «Քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ամբողջությամբ իրավիճակի շեշտադրմամբ»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Կրեմլի հաղորդագրությունում: Հոկտեմբերի 19-ին Թեհրան էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով վստահեցրել էր, որ Մոսկվան պատրաստ է օգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից ելք փնտրելու գործում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան այսօր: Այցի ընթացքում Լավրովը հանդիպել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Գլոբալ անկայունության ֆոնին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի բարձր մակարդակի հանդիպումը վկայում է երկու պետությունների միջև շարունակական երկխոսության մասին։ Այս շփումները, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շրջանում Թեհրան կատարած այցերը ցույց են տալիս, որ Մոսկվան և Թեհրանը ստիպված են համաձայնեցնել իրենց քայլերը՝ արևմտյան պատժամիջոցային ճնշումներին դիմակայելու և դիրքավորվելու համար: Այս գործընթացներն անմիջականորեն առնչվում են նաև Հարավային Կովկասին, որտեղ Հայաստանը հայտնվել է շահերի բախման և տրանսպորտային ուղիների վերաձևման էպիկենտրոնում: Ռուս-իրանական հարաբերությունների ներկայիս սերտացումը պայմանավորված է ոչ միայն երկկողմ պայմանագրերով, այլև Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակով։ Իրանը, փաստացի գտնվելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ սուր առճակատման մեջ, ի դեմս Մոսկվայի՝ տեսնում է հուսալի թիկունք։ Կողմերը քննարկում են ոչ միայն նավթագազային կամ ռազմական համագործակցության հարցեր, այլև կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային միջանցքների անվտանգությունը, որոնցում իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանը: Հայաստանի դերը ռուս-իրանական տանդեմի հաշվարկներում ունի երկակի բնույթ։ Մի կողմից՝ Երևանն Իրանի համար միակ ցամաքային և անվտանգ դարպասն է դեպի ԵԱՏՄ շուկաներ և հյուսիսային ուղղություններ, մյուս կողմից՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող ենթակառուցվածքային ապաշրջափակման նախագծերը, որոնք հաճախ շրջանառվում են միջազգային հարթակներում, լուրջ մտահոգություններ են առաջացնում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թեհրանում։ Հիշեցնենք, թերևս, նախօրեին տարածված Իրանի ԱԳ նախկին երկարամյա նախարար Վելայաթիի հոդված-քննադատությունն, ուղղված Նիկոլ Փաշինյանին ԹՐԻՓՓ-ի և ՀՀ արևմտամետ արտաքին քաղաքականության մասով: Ցանկացած տրանսպորտային հանգույց, որը դուրս է վերահսկողությունից կամ կարող է կտրել Իրան-Հայաստան ուղիղ սահմանն ու հաղորդակցությունը, կոշտ հակազդեցության է արժանանում Թեհրանի կողմից, ինչը լիովին համընկնում է նաև Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ: Մինչ Արևմուտքը փորձում է առաջ մղել իրեն ձեռնտու հաղորդակցային սխեմաներ՝ նպատակ ունենալով նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, Մոսկվան և Թեհրանը փորձում են առաջ մղել իրենց օրակարգերը, պահպանելով որոշակի ազդեցություն ռեգիոնում։ Իրանական կողմի համար առանցքային կարմիր գիծ է մնում Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիությունը և տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության ընդլայնումը։ Պուտին-Ռեզայի հանդիպման ժամանակ շոշափվել է նաև այն հարցը, թե ինչպես կարող են Ռուսաստանն ու Իրանը համատեղ զսպել Կովկասում ուժային վերադասավորումների միտումները։ Մոսկվան հասկանում է, որ Իրանի հետ հարաբերությունների թուլացումը կամ Կովկասում դիրքերի կորուստը անդառնալի հարված կհասցնի նաև Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությանը, սակայն հարավկովկասյան հարցերում Մոսկվան ներկայումս ունի ավելի պասիվ դիրքավորում, քան Թեհրանը։ Մյուս կողմից, Հայաստանի ներքաղաքական և տնտեսական օրակարգում այս խոշոր խաղը հաճախ մատուցվում է խեղաթյուրված ձևով։ Մինչ հասարակության մի հատվածին փորձում են համոզել, թե հնարավոր է կարճ ժամանակում արմատապես փոխել տնտեսական և լոգիստիկ կողմնորոշումները՝ անտեսելով Իրանի հետ սահմանի և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի իրական կշիռը, փաստացի իրողություններն այլ բանի մասին են խոսում։ Հայաստանի տնտեսությունը և էներգետիկ անվտանգությունը սերտորեն կապված են թե՛ հյուսիսային, թե՛ հարավային ուղղությունների հետ, և ցանկացած կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ, առանց հաշվի առնելու Մոսկվայի և Թեհրանի անվտանգային շահերը՝ հղի է վտանգներով։ Այսպիսով, Պուտինի և Ռեզայիի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են մնալ միմյանց համար առանցքային դաշնակիցներ՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մոսկվայի և Թեհրանի միջև ընթացող երկխոսությունն ուղղակիորեն թելադրում է Հարավային Կովկասի խաղի կանոնները։ Հայաստանի համար այս իրավիճակում ամենավտանգավորը պատրանքներով առաջնորդվելն է, երբ արտաքին քաղաքական կարգախոսները գերակշռում են աշխարհաքաղաքական կոշտ իրողությունների նկատմամբ։ Առանց Իրանի շահերի հաշվառման և առանց Ռուսաստանի հետ անվտանգային զգայուն հարցերի սթափ գնահատման՝ Հայաստանը չի կարող երկարաժամկետ կայունություն և խաղաղություն ապահովել իր սահմաններին։



