Կյուրոսի քարտեզը և Իրանի երկու միջանցքները

Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված իր նոր հոդվածում առանձնանում է մի միտք, որն արժանի է լուրջ քաղաքական քննարկման։ Վելայաթին հայտարարում է, որ Մեծն Կյուրոսի ժամանակներից Կովկասը՝ մինչև Դաղստանի Դերբենդ, Իրանի անվտանգության բուֆերային գոտին է։ Երկուուկես հազարամյա պատմության այս վկայակոչումը պարզ հարց է առաջացնում. Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն Աքեմենյան Պարսկաստանի աշխարհաքաղաքական իրավահաջո՞րդ է համարում։ Դերբենդն այսօր Ռուսաստանի կազմում է։ Վելայաթիի նկարագրած աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ Ուրեմն ո՞ւմ է հասցեագրված կայսերական աշխարհագրության այս հիշեցումը։ Եվ ի՞նչ իրավունքներ կարող են բխել վաղուց գոյություն չունեցող կայսրության սահմաններից։ Առավել ուշագրավ է Վելայաթիի հայտարարությունը, որ Իրանը Կովկասի անվտանգությունն ապահովելու պատասխանատվություն է կրում Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի։ Սա տարածաշրջանում ինքնուրույն ազդեցության հավակնության մասին խոսք է։ Վելայաթիի հոդվածում կա մեկ այլ, շատ ավելի առարկայական հակասություն։ Իրանցի գործիչը դեմ է այսպես կոչված «թուրանական միջանցքին»՝ այն ներկայացնելով Իրանի անվտանգության համար սպառնալիք, սակայն Իրանը սեփական տարածքով իրականացնում է «Արաքսի միջանցք» նախագիծը, որի շնորհիվ Ադրբեջանը ավտոմոբիլային և նախատեսվող երկաթուղային կապ կստանա Նախիջևանի, իսկ այնտեղից՝ Թուրքիայի հետ։ Այս նախագծի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2022 թվականին։ 2023-ին մեկնարկել են կամրջի շինարարական աշխատանքները։ Աղբանդ–Քալալա կամրջի կառուցումն արդեն ավարտվել է, իսկ 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ իրանական 107 կիլոմետրանոց ճանապարհի աշխատանքները կատարված էին 53 տոկոսով։ Թեհրանն ու Բաքուն գործնականում իրականացնում են թուրք-ադրբեջանական հաղորդակցությունն ապահովող նախագիծ։ Այստեղ առաջանում է սկզբունքային հարց։ Եթե թուրք-ադրբեջանական տրանսպորտային կապն ինքնին սպառնում է Իրանի անվտանգությանը, ինչո՞ւ է Թեհրանը ֆինանսական և քաղաքական միջոցներ ներդնում այդ կապը սեփական տարածքով ապահովելու համար։ Եթե գլխավոր խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, TRIPP-ի հայ-ամերիկյան համաձայնագիրը հենց այդ ինքնիշխանության և հայկական իրավազորության պահպանումն է նախատեսում։ Իրանի մտահոգությունների իրական բովանդակությունը, ըստ ամենայնի, պետք է փնտրել հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության, սեփական տարանցիկ նշանակության և տարածաշրջանում ամերիկյան ներկայության հարցերում։ Թեհրանն իր տարածքով անցնող ճանապարհը վերահսկելու հնարավորություն կունենա։ TRIPP-ի դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչված է համաձայնագրով, սակայն տնտեսական կառավարման և անվտանգության որոշ գործնական մեխանիզմներ դեռ պետք է վերջնականացվեն։ Սրանք լուրջ հարցեր են, որոնք պահանջում են բանակցություններ և երաշխիքներ։ Սակայն «թուրանական միջանցքի» գաղափարական սպառնալիքի մասին հռետորաբանությունը դժվար է համատեղել Իրանի սեփական ենթակառուցվածքային քաղաքականության հետ։ Կա նաև Հայաստանի շահերի խնդիրը։ Ի՞նչ կստանա Հայաստանը, եթե Անկարան և Բաքուն վերջնականապես ընտրեն իրանական երթուղին։ Ադրբեջանը կստանա Նախիջևանի հետ կապ, Թուրքիան՝ Ադրբեջանի հիմնական տարածքի հետ լրացուցիչ հաղորդակցություն, Իրանը՝ տարանցիկ եկամուտներ ու քաղաքական ազդեցության նոր լծակներ։ Իրանական երթուղին կարող է որոշ չափով նվազեցնել Հայաստանի վրա արտատարածքային միջանցք պարտադրելու ճնշումը, սակայն դրանով Հայաստանի ռազմավարական խնդիրը չի լուծվում։ Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապ կհաստատի, Իրանը կստանա տարանցիկ եկամուտներ և ազդեցության լրացուցիչ լծակներ, իսկ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային հաղորդակցությունների նոր համակարգից։ Այդ դեպքում կպահպանվի Հայաստանի տնտեսական մեկուսացումը, կսահմանափակվեն տարանցիկ հնարավորությունները, և երկիրը կզրկվի իր աշխարհագրական դիրքը քաղաքական ու տնտեսական առավելության վերածելու հնարավորությունից։ Հետևաբար հարցը շատ ավելի խորն է. ինչո՞ւ պետք է Հայաստանը աջակցի մի նախագծի, որը լուծում է իր հարևանների հաղորդակցային խնդիրները՝ առանց իր շրջափակումը վերացնելու և տարածաշրջանային առևտրում իր լիարժեք մասնակցությունն ապահովելու։ Այս հարցերը կարևոր են նաև հայ-իրանական հարաբերությունների ապագայի համար։ Վելայաթին ազդեցիկ քաղաքական գործիչ է, սակայն նրա հոդվածը չի արտահայտում Թեհրանի պաշտոնական դիվանագիտության ամբողջական դիրքորոշումը։ Հոկտեմբերի 16-ին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Երևանում հայտարարեց, որ վստահում է հայ գործընկերներին և համոզված է՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկի Իրանի անվտանգության դեմ։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, վերահաստատելով TRIPP-ի վերաբերյալ մտահոգությունները, միաժամանակ ընդգծեց խնդիրները կառուցողական խորհրդակցություններով լուծելու պատրաստակամությունը։ Սա Հայաստանի համար կարևոր դիվանագիտական հիմք է։ Իրանի անվտանգության մտահոգություններն արժանի են լուրջ վերաբերմունքի։ Երևանը պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել՝ բացառելու հայ-իրանական սահմանին օտար ռազմական ներկայությունը, ապահովելու նախագծի թափանցիկությունը և պահպանելու Թեհրանի վստահությունը։ Հայաստանը պետք է նաև խորացնի Իրանի հետ տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, զարգացնի համատեղ ենթակառուցվածքներն ու տարանցիկ կապերը։ Թեհրանը պետք է Հայաստանի ապաշրջափակման մեջ տեսնի սեփական տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ նոր ելքերի ստեղծումը և տարածաշրջանային առևտրում իր դիրքերի ամրապնդումը։ Այդպիսի փոխկապակցված շահերը կարող են ամրացնել փոխադարձ վստահությունը և նվազեցնել արտաքին ուժերի հնարավորությունները՝ օգտագործելու երկու երկրների միջև տարաձայնությունները։ Հայ-իրանական անվստահության խորացումը կարող է ծառայել Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Մոսկվան շահագրգռված է պահպանելու Հայաստանի հաղորդակցային և անվտանգային կախվածության լծակները։ Իրանի կոշտ շրջանակների մտահոգությունները կարող են օգտագործվել հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանափակելու համար։ Վելայաթիի հոդվածի ռուսական ուղղորդման ապացույցներ չկան, սակայն դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքները Մոսկվայի շահերի համատեքստում գնահատելն անհրաժեշտ է։ Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն այս պայմաններում մեծանում է։ Պետք է կանխել Իրանի քաղաքական շրջանակներում հակահայկական տրամադրությունների խորացումը, առավել ևս դրանց շահագործումն արտաքին ուժերի կողմից։ Երևանն ու Թեհրանն ունեն սահմանների անձեռնմխելիության, տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության երկարաժամկետ ընդհանուր շահեր։ Այդ շահերը պետք է պաշտպանել գործնական դիվանագիտությամբ։ Վելայաթիի սպառնալիքներն ու պատմական զեղումները երկրորդական են այս հարցերի համեմատ։ Կյուրոսի կայսրության պատմական սահմանները չեն կարող որևէ պետության իրավունքներ կամ ազդեցության արտոնյալ գոտիներ վերապահել ժամանակակից Կովկասում։ Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում որոշվում են նրա ինքնիշխանությամբ, միջազգային իրավունքով և սեփական ազգային շահերով, այլ պետությունների պատմական հավակնություններից անկախ։ Այսօր Հայաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի տարածաշրջանային հարաբերություններ է առաջարկում Թեհրանը և ինչ տեղ է հատկացնում հայկական պետությանը այդ համակարգում։ Հայաստանը չի կարող լինել ուրիշների անվտանգության բուֆերը կամ նրանց տարանցիկ մրցակցության զոհը։ Իրանի հետ բարեկամության ամրապնդումն անհրաժեշտ է կառուցել հենց այս սկզբունքի վրա՝ փոխադարձ վստահությամբ, ինքնիշխանության հարգմամբ և իրական տնտեսական շահերով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով