ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է արհեստական բանականությանը, որը նա անվանում է «գերբանականություն», հորդորելով ընդունել այդ տեխնոլոգիան և օգտվել դրա ընձեռած տնտեսական հնարավոր օգուտներից։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում: «Որպես նախագահ՝ ես 100%-ով կողմ եմ գերբանականությանը (Super Intelligence) և կաշխատեմ ԱՄՆ-ի այն բազմաթիվ նահանգների հետ, որոնք ցանկանում են դառնալ հարուստ դրա շնորհիվ։ Դա ոսկի է, և միայն անխելք ղեկավարությունը կարող է «ոչ» ասել այն հարստությանը, որ դրանք բերում են», – նշել է նա գրառման մեջ։ Թրամփը սեպտեմբերի վերջին ստորագրել է գործադիր հրամանագիր, որով դաշնային գերատեսչություններին և գործակալություններին հրահանգվում է պաշտոնական նամակագրությունում, հանրային հաղորդակցությունում, կայքերում, զեկույցներում և քաղաքականության փաստաթղթերում օրենքով թույլատրված չափով օգտագործել «գերբանականություն» և «ԳԲ» տերմինները՝ «արհեստական բանականություն» և «ԱԲ» տերմինների փոխարեն։ Նա նախկինում իր վարչակազմի կոշտ դիրքորոշումն էր հայտնել տերմինաբանության վերաբերյալ՝ ասելով, որ Սպիտակ տունը «թշնամի» է համարում նրանց, ովքեր շարունակում են օգտագործել «արհեստական բանականություն» տերմինը՝ «գերբանականություն» տերմինի փոխարեն։ Վարչակազմը նաև ստեղծել է գերբանականության ուժ՝ դաշնային կառավարության մոտեցումը տեխնոլոգիայի նկատմամբ համակարգելու համար։



