Եվրոպական առաջնորդները հավաքվել էին Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրությանը նպաստելու նպատակով։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ և Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովների մասին։ Քաղաքագետն ընդգծում է, որ մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացված այս միջոցառումները փոխկապակցված են և, ըստ էության, մեկ ընդհանուր քաղաքական համատեքստ ունեն, այն է՝ նախընտրական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներից և հաշվարկներից ելնելով։ «Երբ նշանակվում էր այս գագաթնաժողովների ժամկետը, դա ակնհայտորեն եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի բավարարում և միանշանակ նախընտրական համատեքստի հետ է կապված։ Որևէ այլ փուլում այս գագաթնաժողովներն այլ նշանակություն կունենային, իսկ հիմա ակնհայտորեն և առաջին հերթին ծառայում են Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ, նախընտրական շահերին»,- մեկնաբանեց քաղաքագետը։



