Ծեծի է ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցը

Երևանում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցներից մեկը ծեծի է ենթարկվել, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց. այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ «Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում»,– գրել է մամուլի քարտուղարը։ Գրառման մեջ հիշեցվում է, որ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել։ «Ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,– եզրափակվում է գրառումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով