Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից ավելի քան 10 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրի վրա մայիսի 8-ին իսրայելական ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 36 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Միևնույն ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով քաղաքացիական պաշտպանության անդամ է զոհվել Լիբանանի հարավում։ Բացի այդ նշվում է, որ Մերջ Այուն շրջանում Իսրայելն օդային հարվածով ուղղակիորեն թիրախավորել է շտապօգնության խումբ. մեկ բուժաշխատող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Առողջապահության նախարարությունը դատապարտել է «այս հանցագործությունը, որը խախտում է բոլոր միջազգային մարդասիրական օրենքները»։ Իսրայելը տարհանման նոր հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 6 բնակավայրերի բնակիչներին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղին, ինչպես նաև հրետանային արկերով թիրախավորել է Բայադա գյուղաքաղաքում իսրայելական բանակին պատկանող նորաստեղծ հրամանատարական կենտրոնը։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2727-ի, իսկ վիրավորներինը՝ 8438-ի։ Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին՝ ապրիլի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով