Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ: «TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», – նշել է գերատեսչությունը: TARA համակարգը նախագծվել և մշակվել է ցամաքային թիրախներ չեզոքացնելու համար նախատեսված ոչ թանկ զինամթերքի խոցող ունակության և ճշգրտության բարձրացման նպատակով: «Սա առաջին սավառնող զենքն է, որի մեջ օգտագործվում են առաջավոր խնայողական տեխնիկական լուծումներ», – ընդգծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:



