Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված CEPA-ի փաստաթղթից ինը տարի անց ունենք զրոյական արդյունք, հետևաբար՝ ԵՄ-ի հետ, բացի ընկերական հանդիպումներից, Հայաստանն ուրիշ որևէ հարաբերություն չունի։ ԵՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ թղթի անունը, ճիշտ է, օրենք է, բայց այնտեղ իրականում ոչինչ չկա՝ բացի ցանկությունից։ Եվրամիությանն անդամակցությունը բոլորովին այլ գործընթաց է ենթադրում։ ԵՄ-ի հետ ՀՀ համատեղ հռչակագրում խոսվում է ուկրաինական հակամարտության մասին, գնահատական է տրվում ռուսական ագրեսիային։ Քաղաքական գործընթացների վերաբերյալ փոքր-ինչ պատկերացում ունենալու դեպքում հայկական կողմը Հայաստանի հետ բացարձակապես կապ չունեցող այդ կետը կհաներ։ 168TV -ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը: «Իրենք ո՛չ պատկերացում ունեն գործընթացների մասին, ո՛չ սկզբունքներ ու գիտելիք ունեն, ո՛չ կանոններ գիտեն, իրենց համար միևնույն է, կարևորը՝ թղթեր ընդունվեն և դրանք ներկայացվեն՝ որպես պատմական ձեռքբերում։ Ե՛վ Զելենսկու, և՛ Ալիևի ասածն ընկալելի է, ընկալելի չէ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս ամենին, իրենց համար ո՛չ պետություն կա, ո՛չ հայրենիք։ Հայաստանի իշխանությունները չեն համապատասխանում պետության բարձրագույն մարմիններում քաղաքական ուժին ներկայացվող նվազագույն պահանջներին։ Մակրոնին որևէ մեկն աշխարհում լուրջ չի ընդունում՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ եվրոպական շատ երկրներ։ Այդ նույն Մակրոնը դարձել է Հայաստանի իշխանությունների աստվածը»,- ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:



