Գազա քաղաքում տեղահանվածների ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը երեխաներ են, 6-ը՝ կանայք։ Վիրավորվել է ավելի քան 25 մարդ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 վիրավորի մասին։ Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը նշել է, որ փլուզված շենքի փլատակներում մնացել է ավելի քան 50 երեխա։ «Մենք լսում ենք փլատակներում մնացած մարդկանց ձայները, և մեր թիմերը փորձում են հասնել նրանց։ Մեզ անհրաժեշտ են ծանր տեխնիկա և ռեսուրսներ՝ տուժածներին դուրս բերելու համար», – նշել է նա։ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Գազա քաղաքում շենքի փլուզման համար լիովին պատասխանատու է համարում Իսրայելին և միջազգային հանրությանը։ «Մենք կոչ ենք անում աշխարհի երկրներին, միջազգային և ՄԱԿ-ի կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու համար։ Մենք պահանջում ենք անցակետերի անհապաղ բացում՝ բժշկական պարագաների և օգնության մուտքը թույլատրելու համար», – նշված է հայտարարության մեջ։



