Ադրբեջանը փաստացի չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հետաքրքրված լինելով Հայաստանի հետ սահմանազատում իրականացնել միայն այն հատվածներում, որտեղ իրենք հավակնություններ ունեն ներխուժելու ՀՀ տարածք և վերահսկողություն հաստատելու ճանապարհների նկատմամբ։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը ՝ մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման մասին վերջին օրերի հայտարարությունները։ Սահմանազատման գործընթացի հետ կապված՝ միջազգայնագետը լուրջ մտավախություններ ունի, որ հայկական և ադրբեջանական կողմերը գաղտնի համաձայնություն են ստորագրել, այսպես կոչված՝ «անկլավների» վերաբերյալ։ «Ադրբեջանական կողմն, այսպես կոչված՝ սահմանազատում է իրականացնում այն ուղղություններով, որտեղ ինքն ունի հավակնություններ։ Ադրբեջանցիները նպատակ են դրել վերցնել Տավուշի, այսպես կոչված՝ «անկլավները»: Իրականության մեջ, ըստ Հայաստանի Սահմանադրության և օրենքների, չկան այդպիսի անկլավներ, բայց ես որքան հասկանում եմ՝ իրենք ունեն գաղտնի համաձայնություն, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, ցավոք սրտի, այդ անկլավները հանձնելու։ Դրա անուղղակի ապացույցն է նաև այն փաստը, որ իրենք որոշել են գազամուղը մոտ 5.5 կմ դեպի արևմուտք տանել, այսինքն՝ հեռացնել, որովհետև այդ գազամուղի մի մասն անցնում էր հենց այդ «անկլավներով», որոնք նվիրաբերելով Ադրբեջանին՝ մենք նաև նվիրաբերում ենք նրանց՝ գազամուղի նկատմամբ վերահսկողությունը, իսկ մենք հիշում ենք՝ Արցախում ինչ տեղի ունեցավ, որ նրանք վերահսկողության տակ առան գազամուղը Լաչինում»,- մեկնաբանեց Արմեն Մանվելյանը։



