Իսրայելի շարունակական հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը: Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը՝ վկայակոչելով նախագահ Ժոզեֆ Աունին։ Նախագահը խորին ցավակցություն և ափսոսանք է հայտնել Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական պաշտպանության երկու անդամների զոհվելու կապակցությամբ՝ չնայած հայտարարված հրադադարին։ Նա դատապարտել է հումանիտար ոլորտի աշխատակիցների թիրախավորումը՝ այն համարելով միջազգային իրավունքի և բոլոր մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտում։ Նախագահ Աունը նաև հաստատել է, որ պատրաստ է համագործակցել համապատասխան միջազգային կողմերի հետ՝ կրկնվող խախտումները դադարեցնելու և Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի լիակատար դուրսբերումն ապահովելու համար։ «Նախագահ Աունն ընդգծել է իր վճռականությունը՝ շարունակելու դիվանագիտական շփումներն ու նախաձեռնությունները եղբայրական, բարեկամ երկրների և միջազգային հանրության հետ՝ Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու և Լիբանանի ժողովրդի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով», – նշված է նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ շտապօգնության երկու աշխատակից։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2869-ի, իսկ վիրավորներինը՝ 8730-ի։



