Վարշավան բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ Գերմանիայից դուրս բերվող ամերիկյան զորքերի՝ Լեհաստան հնարավոր տեղափոխման շուրջ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։ «Երկկողմ բանակցություններ են ընթանում», – նրա խոսքն է մեջբերում TVP World պարբերականը։ Զալևսկին հավելել է, որ ինքն «այս հարցը բարձրացրել է մայիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս ԴիՆաննոյի հետ հանդիպման ժամանակ։ «Ամերիկացիները գիտեն, որ մենք պատրաստ ենք։ Նրանք գիտեն, որ Լեհաստանում գոյություն ունի այս հարցի շուրջ լիարժեք քաղաքական փոխհամաձայնություն, և որ ամերիկացի զինվորներին շատ ուրախ կլինեն տեսնել մեր երկրում», – ընդգծել է Զալևսկին։ Նրա խոսքով՝ Վարշավան «պատրաստ է ֆինանսավորել ինչպես ռոտացիոն ներկայության ընդլայնումը, այնպես էլ մշտական ծավալման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, և լեհական մունիցիպալիտետներն արդեն առաջարկներ են ներկայացրել ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ»։ «Մեր նպատակն ամերիկյան ռազմական ներուժի մեծացումն է Լեհաստանում և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի արևելյան թևում», – ընդգծել է փոխնախարարը։ ԱՄՆ-ն հայտնել էր, որ կարող է Գերմաիայից դուրս բերել շուրջ 5000 զինծառայողի։ Գերանիայում տեղակայված է շուրջ 36 000 ամերիկացի զինվորական։ Ներկայում Լեհաստանում տեղակայված է ԱՄՆ-ի մոտավորապես 10 000 զինծառայող։



