ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ: Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։ «Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:



