Ռուսաստանը դադարել է դիտարկել Հայաստանին՝ որպես «անվերապահ դաշնակից». գծում է սահմանը

Հայ-ռուսական հարաբերություններն այլևս գտնվում են բացահայտ և ագրեսիվ հրապարակային ճգնաժամի փուլում, որտեղ դաշնակցային էթիկան զիջել է իր տեղն ուղղակի վերջնագրերին։ Երևանի և Մոսկվայի միջև տարիներով կուտակված անվստահությունը դուրս է եկել վերահսկողությունից՝ վերածվելով աշխարհաքաղաքական բացահայտ առճակատման։ Ականատեսն ենք մի իրավիճակի, երբ ռազմավարական գործընկերության ընկալումը փշրվում է, իսկ կողմերի միջև հաղորդակցությունը վերածվել է հեռակա մեղադրանքների փոխանակման, ինչը վկայում է հարաբերությունների դեգրադացիայի և նոր, անկանխատեսելի հանգրվանի մասին։ Այս ճգնաժամի արտահայտման գագաթնակետը դարձավ Վլադիմիր Պուտինի վերջին կտրուկ հայտարարությունը, որը հնչեց՝ որպես վերջին զգուշացում. Հայաստանը պետք է կատարի իր վերջնական ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն լքելու ծրագրեր չունեն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ երբ պահը գա, երբ հասկանան, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, պետք է կատարեն այդ ընտրությունը։ «Այս հարցում նոր բան չկա։ Ներկայումս մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունն այնտեղ։ Երբ ժամանակը գա, մենք կանենք դա»,- ասել է նա։ Սակայն Ռուսաստանի նախագահի ուղղակի շեշտադրումն այն մասին, որ Հայաստանի հարցը պետք է դառնա առաջիկա ԵԱՏՄ հավաքի քննարկման առարկա, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ ՀՀ իշխանություններին դնել հավաքական պատասխանատվության առջև՝ հասկացնելով, որ եվրոպական վեկտորի հետապնդումն ունենալու է կոնկրետ տնտեսական և քաղաքական գին։ Սա հրապարակային մարտահրավեր է Հայաստանի իշխանություններին, որոնք հույս ունեն, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանին դուրս բերել ԵԱՏՄ-ից իրավական կարգավորումների անբավարարության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսով ընդունելու իրավական կարգավորման պատճառով: Այս ամենը կանխատեսում է մի իրավիճակ, որտեղ հայ-ռուսական երկկողմ լարվածությունը կարող է վերածվել համակարգային ճգնաժամի ողջ ԵԱՏՄ-ի համար։ Եթե Մոսկվան որոշի անցնել կոշտ գործողությունների և օրակարգ բերի Հայաստանի անդամակցության նպատակահարմարության կամ կառույցից հեռացման հարցը, կողմերը կհայտնվեն քաղաքական բարդ իրավիճակում: Քանի որ ԵԱՏՄ-ն հիմնված է տնտեսական ինտեգրման սկզբունքների վրա, անդամ երկրի հարկադիր հեռացման մեխանիզմների բացակայությունը կամ դրանց անորոշությունը կարող է ստեղծել իրավական անելանելիություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով