Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարության» հենց սկզբից մենք ահազանգել ենք, որ այն իրականում ոչ թե անձերի, այլ՝ Հայաստանի Հանրապետության, ՀՀ զինված ուժերի, հայ ժողովրդի դեմ է: Եվ այս պնդումն ամեն «դատական» նիստին ավելի էր ամրապնդվում, երբ քննության առարկա էին դառնում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմի իրականացրած ռազմական օպերացիաներն ու դրվագները, երբ անդրադարձ էր արվում 2016 թվականի Ապրիլյան քառօրյային ու 2020-ի հուլիսյան մարտերին, ՀՀ նախկին իշխանությունների օրոք հայկական կողմի պատասխան պատժիչ գործողություններին, երբ 44-օրյա պատերազմի համատեքստում մեղադրական սլաքն ուղղվում էր ՀՀ նախկին ռազմական ղեկավարությանը, «Գյանջայի դեպքերի» մեղավոր էր կարգվում 44-օրյայի ռազմական ղեկավարությունը, հրապարակվում էին զինվորականների անուններ, նույնիսկ՝ հանրայնացվում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները, քանի որ 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից: Բաքվի «դատավարությանն» առնչվող մեր հոդվածներում գրել ենք, որ Ալիևը դատարան է գործուղել «տուժողների», որոնք ցուցմունքներ են տվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության, ՀՀ նախկին նախագահների և 44-օրյայի ռազմական ղեկավարության դեմ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանը «դուրս է եկել» պատերազմի օրենքներից և «թիրախավորել է» խաղաղ բնակչությանը, իսկ առաջին պատերազմի տարիներին նաև ադրբեջանցի գերիները «բռնության և շահագործման են ենթարկվել»: Եվ այսօր ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից հղած իր ուղերձում հաստատել է մեր բոլոր պնդումները, իսկ դրանից օրեր առաջ այն հաստատել էր նաև ԱՀ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը:



