«Լույս, որը կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի ժողովրդի համար» (Ղուկ. Բ 32) Հիսուսի ծնունդից անցել էր քառասուն օր: Մովսիսական օրենքի համաձայն, Մարիամը և Հովսեփը Նրան Տիրոջը ներկայացնելու համար Երուսաղեմի տաճար տարան և այս առիթով, տաճարին նվիրելու մեկ զույգ տատրակ կամ աղավնի տարան, քանի որ աղքատ էին: Այնտեղ բարեպաշտ և աստվածավախ մի մարդ կար՝ անունը Սիմեոն. սա սպասում էր Իսրայելի մխիթարությանը և քանի որ Աստծո ճանապարհով էր քայլում՝ Ս. Հոգին նրա վրա էր: Նրան հայտնված էր, որ մահ չպիտի ճանաչի մինչև չտեսնի Տիրոջ օծյալին: Այն օրը Մարիամն ու Հովսեփը քառասնօրյա Հիսուս մանկանը տաճար էին բերել. Սիմեոնն էլ, Ս. Հոգով առաջնորդված, այնտեղ էր եկել, և երբ մանկանը տեսավ, իր գիրկն առավ, օրհնեց և ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ քո խոսքի, քանզի աչքերս տեսան Քո փրկությունը, որը պատրաստեցիր բոլոր ժողովրդների առաջ»: Եվ մի խոսք էլ ավելացրեց, որ որպես բնաբան ընտեցինք մեր քարոզի համար. «Լույս, որը կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար»: Սիմեոն ծերունու աստվածային ներշնչմամբ ասված այս վերջին խոսքը բարեպաշտ հրեաների համոզմունքն էլ էր: Անկասկած [հրեաները] ուշադրությամբ կարդացել էին մարգարեությունները, և սովորել էին, որ Մեսիական թագավորության օրհնությունները պիտի սփռվեին ոչ միայն իրենց ազգի, այլ նաև հեթանոսների վրա (Ես. ԽԹ 6): Սակայն ավա՜ղ, ինչպես որ իրենց գործերն են վկայում, նրանք խավարն ավելի սիրեցին:



