Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայ դպրոցականների համար բացում է արհեստական բանականության ոլորտում աշխարհի ամենամրցունակ միջազգային օլիմպիադաներից մեկի՝ IOAI-ի դռները։ Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի օլիմպիադայի ազգային փուլը ՝ բաց ՀՀ բոլոր մարզերից մինչև 20 տարեկան դպրոցականների համար։ Լավագույն արդյունքը գրանցած աշակերտները կձևավորեն Հայաստանի ազգային թիմը և հնարավորություն կունենան ներկայացնելու երկիրն օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային մրցապայքարում։ «Օլիմպիադան ամենամեծերից է աշխարհում և մեկ հարկի տակ է միավորելու 126 երկրից լավագույն տաղանդներին։ Սա շատ լավ հնարավորություն է աշակերտների համար զարգացնելու արհեստական բանականության ոլորտի իրենց գիտելիքները, փորձի փոխանակում ունենալու այլ երկրներից իրենց հասակակիցների հետ, մրցելու ու աճելու միջազգային մակարդակում»,-նշել է FAST-ում օլիմպիադայի աշխատանքների համակարգող Ավագ Սայանը։ Հիմնադրամը 2025-ից հանդիսանում է օլիմպիադայի ազգային կազմակերպիչն ու IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում։



