Ընտրություններից 2 ամիս առաջ թոշակները բարձրացնելով՝ իշխանությունները համարում են, որ մեծ լավություն են արել թոշակառուին, թոշակառուն էլ պետք է իրենց վարձահատույց լինի ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում, թոշակների բարձրացումը թոշակառուի երեսով է տալիս։ Այնպիսի մի հպարտությամբ են խոսում թոշակները բարձրացնելու մասին, որ կարծես բարձրացրածն էլ 10 հազար դրամ չէ։ 10 հազար դրամով թոշակի բարձրացման մասին ամեն անգամ հիշեցնում են, բայց մոռանում են, որ վերջին ամիսներին գները Հայաստանում այնպիսի արագությամբ են աճում, որ այդ բարձրացումից թոշակառուին գրեթե ոչինչ չի մնում։ Թոշակառուն ստիպված է նույն ապրանքը գնելու համար հիմա անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էր դրանից կարճ ժամանակ առաջ։ Տարեսկզբից գնաճի տեմպերը Հայաստանում կտրուկ արագացել են։ Գնաճը վաղուց անցել է նախատեսված թիրախի վերին սահմանից, իսկ Կենտրոնական բանկը չի բարեհաճում քայլեր ձեռնարկել։ Հերթական անգամ որոշեցին անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքը՝ նպաստավոր միջավայր ստեղծելով գնաճի հետագա արագացման համար։ Արդեն ապրիլին կամ նույն ամսին, երբ բարձրացրին թոշակները, 12-ամսյա գնաճը Հայաստանում հասավ 5.3 տոկոսի։ Սա ինքնին գնաճի լուրջ ազդանշան է, բայց դա էլ ամբողջը չէ. թոշակառուի համար ավելի կարևոր է ոչ թե միջին գնաճը, այլ այն ապրանքների գինը, որոնք նա ամեն օր գնում է։



