«Սիրեսցես զՏեր Աստված քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձէ քումմէ եւ յամենայն մտաց քոց: Այս է մեծ և առաջին պատուիրան: Եւ երկրորդն՝ նման սմին. սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո: Յայս երկուս պատուիրանս ամենայն օրէնք եւ մարգարէք կախեալ կան» (Մտթ. 22:37-40): Հիսուսը հանդիսավորությամբ Երուսաղեմ էր մտել և ժողովրդի կողմից օվսաննաներով դիմավորվել: Փարիսեցիներն ու սադուկեցիները հաջորդաբար գալիս, գտնում էին Նրան Տաճարում և նենգ հարցադրումներ անում: Հիսուսը այնպիսի խորիմաստ պատասխաններ էր տալիս, որ հպարտ սադուկեցիներն իսկ հիանում էին, ժողովուրդը՝ ուրախանում, մինչև իսկ, երբ դպիրներից մի քանիսը տեղեկացան, թե իրենց հակառակորդ սադուկեցիները Հիսուսի պատասխաններին չեն կարողացել որևէ կերպ առարկել և պարտվել են, եկան Հիսուսին շնորհակալություն հայտնելու՝ «Վարդապետ լավ ասացիր»: Այս պահին, մի երիտասարդ, որ իր Թորան (օրենքների գիրքը) էր ուսումնասիրում, ցանկացավ փորձել Հիսուսի իմաստությունն ու գիտելիքները. մի այնպիսի հարցով դիմեց Նրան, որը ցույց տվեց նրա կեղծ և անձուկ [նեղսիրտ] մտադրությունը. «Վարդապետ, օրենքում ո՞ր պատվիրանն է մեծը»:



