Եվրոպական միության երկրներն այսօր որոշում են ընդունել պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների և Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու այլ անձանց նկատմամբ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Շրջափակումը համարելով «միջազգային իրավունքին հակասող»՝ ԵՄ կառավարությունները տեխնիկական քայլ են ձեռնարկել՝ ընդլայնելու համար Իրանի դեմ գործող պատժամիջոցների ռեժիմի շրջանակը, ինչը թույլ է տվել պատասխանատվության ենթարկել ավելի մեծ թվով անձանց։ «Այժմ ԵՄ-ն կկարողանա լրացուցիչ սահմանափակող միջոցներ կիրառել ի պատասխան Իրանի այն գործողությունների, որոնք խաթարում են նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում»,- ասված է ԵՄ երկրները ներկայացնող Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ։ ԵՄ-ն անմիջապես չի նշել որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անուն, որոնց նկատմամբ կկիրառվեն ճամփորդության արգելք և ակտիվների սառեցում ներառող նոր պատժամիջոցները։



