«ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները: Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։ Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ 1. Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ 2. Վարդան Ալոյան – «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր 3. Հակոբ Բադալյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս 4. Արմեն Բաղդասարյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս 5. Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան 6. Ալիսա Գևորգյան – լրագրող 7. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն 8. Արտակ Հերիքյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան 9. Դավիթ Սարգսյան – լրագրող Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար: 2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։ 2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։ «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին: Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։ Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով