«Ահա եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է, զի ցրվեսջիք յուրաքանչյուր տեղիս եւ Զիս միայն թողուցուք, եւ չեմ միայն, զի Հայր ընդ Իս է» ( Հովհ . 16:32): Երբ մարդը վճռում է իր անձը նվիրել ճշմարտությանը կամ արդարությանը, երբ աշխարհիկ փառքերը իրենից թոթափելով՝ նոր ուղով է ընթանում, որը տանում է դեպի հավիտենականը, ուշ, թե շուտ միայնակ է մնում աշխարհում: Ամեն մի ճշմարտություն, ամեն մի նորություն նախապես չի ընդունվում, այլ ատելության և հայհոյանքի առարկա է դառնում: Համաշխարհային փորձով ապացուցված այս դրությունը ավելի է հաստատվում կրոնական ճշմարտության վերաբերյալ: Կրոնական ճշմարտությունն է, որ իր սրբության համեմատ հակառակվում է մեր մեղանչական ձգտումներին, մատնանիշ է անում մեր ոչնչությունը, մերկացնում է մեր սրտի զազրելիությունն ու հանցանքը, պարսավում է մեր գոռոզությունը և սրա պատճառով, վաղ թե ուշ, իր դեմ են զինվում մարդկային բոլոր կրքերը: Թերթելով հավիտենական ճշմարտության և արդարության քարոզիչ և վկա եղող բոլոր անձանց պատմությունները, տեսնում ենք, որ բոլորն էլ միայնակ են մնացել: Միայնակ էր Մովսեսը, երբ Եգիպտոսում քառասուն տարիներ շարունակ տանջվում էր իր ժողովրդի համար: Նա միայնակ էր նաև այն ժամանակ, երբ այդ ժողովրդի փառավոր ապագան պատրաստելու համար առաջնորդում էր նրանց անապատում:



