Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական պրեմիերան էր։ Այս անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Ներկայացման սյուժեի հիմքում հարուստների զվարճալիքներն են, երբ զվարճանալու համար կարող են դիմել ցանկացած քայլի և վերջում հայտնվել իրենց իսկ լարած թակարդում։ Այսպիսով՝ հարուստ հրատարակիչը զվարճանքի համար իր տուն ընթրիքի է հրավիրում մեկին, ում համարում է հիմար, հրավիրյալը՝ Ֆրանսուա Պինյոնը, իր անկեղծությամբ և անկանխատեսելի վարքով փոխում է ընթրիքի ընթացքը՝ խաթարելով տանտերերի ծրագրերը։



