Արտակ Զաքարյանը գրում է. Փաստորեն առանց Հանրապետականին հղում անելու՝ երկրում չկան օրակարգային հարցեր, չկան բանավեճեր, չկա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խոսույթ: Մարդիկ ովքեր ահռելի, աղետալի վնասներից բացի ոչ մի օգուտ չեն տվել երկրին՝ իրենց իրավունք են վերապահում տեղի անտեղի հիշատակել Հանրապետականի իշխանության տարիների անցուդարձը: Հաղթանակներով ու ազգային արժանապատվությամբ պետություն կառուցած Հանրապետականը՝ երկու հայկական պետություն, անվտանգության երաշխավորված համակարգ, կայացած պետական ինստիտուտներ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, արտաքին աշխարհի համար ինքնիշխան ու վստահելի պետականություն է թողել ձեզ: Ութ տարի է անցել. ավիրել ու կորստյան եք մատնել անցյալի բազմաթիվ ձեռքբերումներն ու նվիրական արժեքները: Մեծ կամ փոքր չափով, տարբեր դրվագներով դրան մասնակից են եղել նաև շատ «քաղաքական ուժեր»՝ ելնելով իրենց մերկանտիլ շահերից: Տիկնայք և պարոնայք՝ Հանգիստ թողեք Հանրապետականին, հատկապես, որ մենք չենք մասնակցում ընտրություններին և բանավեճերում հնարավորություն չունենք ճակատներիդ, դեմ առ դեմ պատասխանել ձեր զրպարտություններին: Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար: Աղմուկներն ու ապաքաղաքական բանավեճերն ունեն զրո արժեք: Իրավիճակից դուրս գալու ելքը հունիսի 7-ին, հիմնական ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկության մեջ է:



