«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15): Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն ազգային-եկեղեցական ավանդության, Հիսուսի ծննդյան առթիվ «Մոգուց աշխարհից» (իմացիր՝ «Մոգերի աշխարհից») երկրպագության եկած Արևելքի մոգերը համարվում են աստվածային հայտնության ավետիսն առաջին անգամ Հայաստան բերողները։ Ըստ այսմ էլ, հայ մատենագիրները «Մոկաց աշխարհը» նույնացնում են «Մոգուց աշխարհի» հետ և մոգերից մեկի՝ Գասպարի գերեզմանն էլ տեղորոշում են «Մոկս» ավանի մերձակայքում գտնվող Ակնդաշտի վանքում։ Իր տեսակի մեջ անհամեմատ խորդավոր կերպով սկզբնավորություն առած, ապա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից ձևավորված, իսկ հետո էլ Գրիգոր Լուսավորչի կողմից զմայլելիորեն կառուցված հայ եկեղեցին մի պանծալի հաստատություն է, որը դարեր շարունակ անխախտ ու անսասան մնալով՝ եղել է հայ ժողովրդի բոլոր խավերին միավորող ուժը և ազգիս գոյության խարիսխը՝ աշխարհին ճանաչեցնելով հայ ժողովրդի մասին։ Տառապող հայ ժողովրդի կյանքի մթաստվեր ու մռայլ տարիներին հայ եկեղեցին եղել է փրկության փարոս ու Նոյան տապան՝ օվկիանոսի ահեղ ու փրփրադեզ ալիքների հարուցած վտանգներից զերծ պահելով հայ ժողովրդին։ եղել է խանդակաթ մայր, որն իր ծնկների վրա, իր բազուկների մեջ ու իր ստինքներով սնուցում ու պահում է հավատացյալին։ Ազատության դրոշն է եղել հայ եկեղեցին, որն իր ծալքերում հայ ժողովրդի խրախուսանքն ու քաջալերությունն է փայփայել։ Եվ, վերջապես, հայ եկեղեցին հայ ժողովրդի համար նախախնամող մի քաղցրություն է եղել՝ զեփյուռը հավիտենական խաղաղության։



