Վերջին օրերին համացանցում, հատկապես ՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչությունը: Զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի հետ: – Պարոն Բադալյան, վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Այդ նորությունը նաև տարածվում է Հայաստանում: Որպես ուրարտագետ` ի ՞ նչ կարող եք ասել այդ մասին: – Իրականում Օձասարի ուրարտական արձանագրությունը հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովի կողմից: 1996 թվականի Վ. Իգումնովի, Հ. Կարագյոզյանի և Ս. Հմայակյանի կողմից «Պատմաբանասիրական հանդեսում» տպագրվել է հոդված Օձասարի արձանագրության և դրա ընթերցման վերաբերյալ: Հետագայում նշանավոր ուրարտագետներ Ն. Հարությունյանը և Մ. Սալվինին ևս հրատարակել են այդ արձանագրության վերաբերյալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրությանը անդրադարձել է նաև հայտնի ուրարտագետ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում հիշատակվող պաշտամունքային ասպեկտներին՝ նաև տողերիս հեղինակը:



