Հայաստանում 2027 թվականին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և « Le Courrier d’Erevan » ամսագրի միջև կնքվել է հուշագիր համատեղ գործունեության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Ֆրանկոմեդիա» հասարակական կազմակերպության տնօրեն Զառա Նազարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցությունը միտված է ֆրանսալեզու մամուլում լուսաբանման իրականացմանը հետևյալ ուղղություններով՝ Ֆրանկոմեդիան www.courrier.am հարթակի միջոցով լայնորեն լուսաբանվելու են նախարարության կողմից իրականացվող մշակութային, կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ներգրավելով երիտասարդ լրագրողների և նպաստելով Հայաստանում ֆրանսալեզու լրագրության զարգացմանը։ Կգործարկվեն նոր տեխնոլոգիական և մեթոդական լուծումներ՝ www.courrier.am հարթակը դարձնելով մշակութային և ուսումնական առաջնային ռեսուրս՝ նոր վիդեո և աուդիո բովանդակության տարածմամբ։ Նախատեսվում է, որ կիրառվող առաջատար տեխնոլոգիաները հնարավորություն կտան մեծացնելու www.courrier.am հարթակի տեսանելիությունն ու հասանելիությունը՝ ապահովելով երկխոսություն Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը:



