Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանին թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Նշվում է, որ այս մասին ասված է պաշտպանության և անվտանգության խորհրդի երկկողմ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ հետագա բանակցությունները ռազմական սրացումների կամ գործողությունների միջոցով վտանգելուց»,-ասվում է երկու երկրների հայտարարության մեջ։ Առաջնորդները նաև ընդգծել են Հորմուզի նեղուցի շտապ վերաբացման անհրաժեշտությունը։ Նրանք կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների թիրախների վրա և վերադառնալ դիվանագիտությանը՝ զգուշացնելով, որ հետագա ռազմական էսկալացիան կվտանգի քաղաքական լուծումը։ Գերմանիան և Ֆրանսիան նաև վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ ամիս կնքված փոխըմբռնման հուշագրին, որը միջնորդել էին Պակիստանը և Կատարը։ Նրանք նաև ընդգծել են Հորմուզի նեղուցը առանց վճարների կամ սահմանափակումների վերաբացելու անհրաժեշտությունը։ «Աջակցելով Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ռազմական առաքելությանը՝ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են նախապես տեղակայված միջոցներով մասնակցել, հենց որ պայմանները թույլ տան», -նշվում է հայտարարության մեջ։



