Հուլիսի 23 -ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է եկող տարվա ռազմական բյուջեի մասին օրինագծի օգտին։ Այդ մասին հայտնել է «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությունը։ Ամերիկացի օրենսդիրները եկող տարվա ռազմական բյուջեն հաստատել են 1,15 տրիլիոն դոլարի չափով։ Միացյալ Նահանգների կառավարությունը, այդպիսով, նախատեսել է ռազմական ծախսերը միանգամից ավելացնել 250 միլիարդ դոլարով։ Օրինագիծը, որ միաժամանակ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես վերանվանում է «պատերազմի նախարարություն», ընդունվել է ընդամենը չորս ձայնի առավելությամբ․ կողմ է քվեարկել 216 կոնգերսական, դեմ՝ 212-ը։ Այն պետք է քվեարկվի նաև Սենատում։ Ըստ «Դոյչե վելլեի», Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական օրենսդիրները սուր քննադատել են Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով «սոցիալ-տնտեսական ծրագրերի հաշվին ռազմական ծախսերը կտրուկ մեծացնելու» մեջ։ Պենտագոնի «վստահելի աղբյուրներից» հայտնի է դարձել, որ ռազմական ծախսերի ավելացումը ենթադրում է զինծառայողների աշխատավարձի 5-7 տոկոսով բարձրացում, բայց ծախսերի «առյուծի բաժինը կհատկացվի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ստեղծմանը»։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ոսկե գմբեթ» համակարգ ստեղծելու առաջնահերթության մասին՝ նպատակ ունենալով Միացյալ Նահանգների ողջ տարածքը «առնել հուսալի հովանոցի տակ»։ Վերջին մի քանի օրերին Իրանը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան «տասնյակ հենակետեր է խոցել»։ Տարածաշրջանի երկրները, ըստ իսրայելական մամուլի, «այլընտրանք են փնտրում»։ «Եդիոտ ահրոնոտի» տեղեկություններով՝ Հունաստանը Իսրայելի հետ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ ձեռք բերելու բանակցություններ է վարում։ Ըստ այդմ, խոսքը ավելի քան երեք միլիարդ դոլար արժեցող գործարքի մասին է։ ԱՄՆ եկող տարվա ռազմական ծախսերի կտրուկ ավելացման քաղաքականությունը վկայում է, որ Վաշինգտոնը տեսանելի ապագայում միջազգային լարվածություն է կանխատեսում։ Ռազմական ծախսերը աճում են նաև Եվրամիության անդամ երկրներում, ինչպես նաև՝ Թուրքիայում։ Անկարան պաշտոնապես հայտարարել է ռազմավարական ինքնաբավության հասնելու նպատակ և հետևողականորեն արդիականացնում է ռազմաարդյունաբերությունը։ Բաքվի իշխանական minval politika-ն կանխատեսել է Կասպյան ավազանի «հետեւողական ռազմականացում»՝ կապված Իրանում և նրա շուրջ իրավիճակի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում «չին-ամերիկյան մրցակցության սրման հետ»։ Միացյալ Նահանգները 2001 թվականից ի վեր Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացմանը շոշափելի աջակցություն են ցուցաբերել։ Պաշտոնական Բաքուն լծվել է ԱՄՆ Կոնգրեսում «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը չեղարկելու լոբբինգին։ Կասպից ծովում գերիշխող դիրք ունեն Ռուսաստանը և Իրանը։ Ադրբեջանը կարող է «հակակշիռ ստեղծել», եթե Միացյալ Նահանգները «արտոնեն»։



