ՈւԵՖԱ-ն ձգտում է հասնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրաժարականին։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 երկրները կքվեարկեն շվեյցարացու հրաժարականի օգտին՝ անվստահության քվե հայտնելու միջոցով, եթե նա կամավոր վայր չդնի լիազորությունները։ Ընդ որում՝ նման գործընթաց նախաձեռնելու համար միությանը բավարար է 43 երկրի աջակցությունը։ Աղբյուրի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ն ունի նաև Ինֆանտինոյին վարկաբեկելու ծրագիր, որի նախագիծը ժամանակին մշակել է հենց ինքը։ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի կոռուպցիոն սկանդալի ժամանակ Ինֆանտինոն գաղտնի ծրագիր էր կազմել՝ ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ից հեռացնելու և ֆուտբոլային նոր համաշխարհային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ։ Այն պաշտոնապես չէր ներկայացվել, սակայն այժմ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Ինֆանտինոյի դեմ նմանատիպ միջոցներ կիրառելու հնարավորությունը։ Օգոստոսի 1-ին ՈՒԵՖԱ-ն հրապարակավ անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը՝ Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու նախագծի մշակումից հետո։



