Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը։ «2026 թվականի հուլիսի 23-ին Ռոսսելխոզնադզորի՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության վերահսկողությամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ծագման թարմ կտրված վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ 2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և կանգնեցրել են 39,2 հազար ծաղիկ։ Ծաղիկները տեղափոխող տրանսպորտային միջոցը, որը վարում էր Բելառուսի քաղաքացին, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ Միևնույն ժամանակ, ուղեկցող փաստաթղթերում բեռը փոխադրողի կողմից նշված էր որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ։ Բեռնատարի զննության ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայում էին բուսասանիտարական և ապրանքաուղեկցող փաստաթղթեր։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված էր դրանց հայկական ծագումը։ 2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել Հայաստան ծագում ունեցող և այնտեղից ուղարկվող կարանտինային ենթակա արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցման համար։ Սահմանափակումները սահմանվել էին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ երկիր վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։ Նշված ապրանքատեսակների մատակարարումների արգելքի, ինչպես նաև դրանց անվտանգությունն ու օրինական տեղափոխումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է։ Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10.2-րդ հոդվածի համաձայն»,-նշված է հայտարարության մեջ։



