Առաջիկա մի քանի շաբաթներին մենք ականատես կլինենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերականգնման և այդ պատերազմին վերջ տալու ուղղությամբ որոշակի ջանքերի։ Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերը որոշակի սկզբունքային դիրքորոշում ունեն, և եթե մենք չկարողանաք դրանք մոտեցնել, հարկավոր արդյունքի չենք հասնի,- Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, որ «առաջիկայում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը կայցելի Կիև և Մոսկվա»։ Ինչի՞ մասին է խոսքը, անգամ «տեղեկատվական արտահոսքի» մակարդակում դեռևս հայտնի չէ։ Այդուհանդերձ, թերեւս, արժե արձանագրել, որ չնայած հուլիսի 28-ին Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի բանակցություններից ուկրաինական կողմի որոշակի «ոգեւորվածությանը», ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունը, որ Ուրաինային Patriot -ի հրթիռների արտադրության լիցենզիայի տրամադրումը «ռիսկային» է, վկայում է, որ Վաշինգտոնը «ուկրաինական գործարքի» հավանականությունը չի բացառում։ Այդ առումով «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը խիստ ուշագրավ դիտարկում է արել։ Ըստ այդմ, եվրոպական «եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան «Կիևին աջակցությունը այլեւս Վաշինգտոնի հետ չեն համաձայնեցնում, իսկ նրանց և Եվրամիության նկատմամբ ճնշման ԱՄՆ ռեսուրսները նվազագույն են առնվազն Ռուսաստանի շահերի տեսանկյունից»։ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր, թերևս առաջին անգամ, ռուսաստանյան մամուլում արձանագրվել է, որ Մոսկվան «գտնվում է նաև մերձավոր դաշնակիցների ուժեղ ճնշման տակ» և հիմնավորել․ «Մենք լսել ենք Լուկաշենկոյին և Տոկաևին, մեկ տարի առաջ այդպես չէր, ուրեմն ինչ-որ բան փոխվել է։ Ռուսաստանի իշխանությունների խնդիրն է՝ գիտակցել, թե հատկապես ինչ է փոխվել և համարժեք պատասխան գտնել»։ Հուլիսի 31-ին Ղրղըզստանի Չոլպան-Աթա քաղաքում Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի առաջնորդները «Հռչակագիր» են ստորագրել, որի տեքստը առայժմ հրապարակված չէ։ Փոխարենը առկա է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև 2022թ․-ին ստորագրված «Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին» պայմանագիրը, որին Ադրբեջանը դե-ֆակտո միացել է անցյալ տարի։ Այդ փաստաթղթով Կենտրոնական Ասիայի երկրները պայմանավորվել են, որ յուրաքանչյուրի տարածքը մյուսների կամ նրանցից մեկի դեմ «թշնամական գործողությունների համար չի տրամադրվի»։ Այդ իրողությունը Մոսկվան, անշուշտ, գիտակցել է, բայց ի՞նչ «համարժեք պատասխան» ունի կամ կարող է ունենալ։



