Իսրայելում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում ԱՄՆ դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել տարածաշրջանով ուղևորություններից և պատրաստ լինել հեռանալու՝ Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրման պատճառով։ Դիվանագիտական առաքելություններում ընդգծել են, որ «բարձր լարվածության» ֆոնին անվտանգային միջավայրը մնում է բարդ ու անկանխատեսելի։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական ռեժիմն անկանխատեսելի է, ինչի մասին են վկայում առանց նախազգուշացման կամ սադրանքի տարածաշրջանին հարվածելու վերջին որոշումները։ Բացի այդ, շեշտվել է Իրանի՝ հարվածների աշխարհագրությունը նախկինում չթիրախավորված գոտիների, օրինակ՝ Եգիպտոսի վրա ընդլայնելու ձգտման մասին։ Ամերիկյան դեսպանատների զգուշացումը հաջորդել է ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է նախապատրաստել Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, կարող են սկսվել արդեն այս հանգստյան օրերին։



