Ուելսի արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեյթն ընդհատել են ամառային արձակուրդը՝ իրենց երեք երեխաների՝ 13-ամյա Ջորջի, 11-ամյա Շառլոտի և 8-ամյա Լուիի հետ Գլազգոյում ներկա գտնվելու Համագործակցության խաղերին (Commonwealth Games): The Telegraph-ի և GB News-ի փոխանցմամբ՝ սա արքայազնի և արքայադստեր երեխաների առաջին պաշտոնական հրապարակային հայտնվելն է Շոտլանդիայում: Ամուսինները, որոնք Շոտլանդիայում կրում են Ռոթսեյի դուքս և դքսուհի տիտղոսները, հանդիպել են Ուելսի հավաքականի մարզիկների և նրանց ընտանիքների հետ։ Նրանք այցելել են նաև երիտասարդ մարզիկներին աջակցող SportsAid կազմակերպություն, որի հովանավորը Քեյթն է 2013 թվականից: Թեև արքայական ընտանիքի երեխաները հիմնականում հեռու են պահվում հանրային ուշադրությունից, նրանք երբեմն ծնողների հետ մասնակցում են խոշոր մարզական իրադարձությունների։ Այսպես՝ ավելի վաղ Շառլոտը և Ջորջը ծնողների հետ ներկա էին Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչին, որտեղ հետևում էին իտալացի Յանիկ Սիների հաղթանակին, իսկ Քեյթն անձամբ էր հանձնել չեմպիոնական գավաթը:



