«Spider-Man: Brand New Day» ֆիլմը նախնական ցուցադրություններից հավաքել է ռեկորդային 72 մլն դոլար՝ դառնալով կինոպատմության մեջ ամենաբարձր ցուցանիշ գրանցած կինոնկարը։ Թոմ Հոլանդի մասնակցությամբ նոր ֆիլմը գերազանցել է «Վրիժառուներ. Վերջնախաղ» (Avengers: Endgame) ֆիլմի նախկին ռեկորդը (60 մլն դոլար)։ Կանխատեսվում է, որ առաջին հանգստյան օրերին ֆիլմը կհավաքի 260-280 մլն դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների երկրորդ ամենամեծ մեկնարկը՝ զիջելով միայն «Վերջնախաղին» և առաջ անցնելով «Սարդ-մարդը. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմից։ Որոշ գնահատականներով՝ ցուցանիշը կարող է հատել անգամ 300 մլն դոլարի շեմը, իսկ միջազգային վարձույթում ակնկալվում է ևս 275-300 մլն դոլարի շահույթ։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են նախորդ մասից 4 տարի անց, երբ ողջ աշխարհը մոռացել է, որ Փիթեր Փարքերը Սարդ-մարդն է: Հերոսը մնացել է մենակ՝ առանց ընկերուհու՝ Էմ Ջեյի (Զենդայա) և լավագույն ընկերոջ՝ Նեդի (Ջեյքոբ Բատալոն), և ստիպված է բախվել Սեյդի Սինքի մարմնավորած խորհրդավոր նոր չարագործի հետ։



