Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային օգնելու համար կշարունակի օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում: «Մենք Ուկրաինային ևս 1,4 միլիարդ եվրո ենք տրամադրում այս գումարներից», – գրել է նա։ Պաշտոնյան նշել է Ուկրաինայի վրա ռուսական նոր հարվածների մասին՝ շեշտելով, որ Մոսկվան պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Ֆոն դեր Լայենը գրառմանը կցել է նաև Եվրահանձնաժողովի օգոստոսի 5-ի մամուլի հաղորդագրությունը ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից Կիևին 1,4 մլրդ եվրո հատկացնելու մասին։ «Օգոստոսի 3-ին Եվրամիությունը ստացել է 1,4 միլիարդ եվրոյի անսպասելի շահույթ, որը ձևավորվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվներից ստացված դրամական միջոցների մնացորդների տոկոսներից, որոնք պահվում են Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաներում», – նշված է հաղորդագրության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ սա միջոցների նման հինգերորդ փոխանցումն է Կիևին. չորրորդը տրանշը փոխանցվել էր մարտին։ «Այս վճարումը ծածկում է այն եկամուտները, որոնք կուտակվել են 2026 թվականի առաջին կիսամյակում: Անշարժացումից ի վեր ռուսական ակտիվները բերել են ընդհանուր 8 միլիարդ եվրոյի արտակարգ եկամուտներ», – ասվում է հաղորդագրության մեջ։



