«SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռի վերին աստիճանը, որը շարժվում էր ժամում մոտ 9 հազար կիլոմետր արագությամբ, ենթադրաբար բախվել է Լուսնի մակերևույթին։ Գիտնականների գնահատմամբ՝ հարվածի հետևանքով պետք է առաջացած լինի նոր խառնարան, սակայն դրա ճշգրիտ տեղը պարզելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ։ BBC-ի գիտական թղթակից Փալաբ Գոշի փոխանցմամբ՝ Լուսնի շուրջ պտտվող տիեզերական ապարատներից ոչ մեկը չի կարողացել արձանագրել բախման պահը, քանի որ այն տեղի է ունեցել նրանց տեսադաշտից դուրս։ Այժմ մասնագետները պետք է ուսումնասիրեն Լուսնի մակերևույթի նոր լուսանկարները և համեմատեն դրանք մինչև բախումն արված պատկերների հետ, որպեսզի հայտնաբերեն նոր առաջացած հետքը։ Բախումը կարող էին ֆիքսել նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տեղակայված աստղադիտարանները, սակայն դրանց տվյալների մշակումն ու վերլուծությունը պահանջում են առնվազն մի քանի ժամ։ Լուսնի մակերևույթը միլիոնավոր տարիներ շարունակ ենթարկվել է աստերոիդների և մետեորիտների հարվածներին, որոնց հետևանքով ձևավորվել են բազմաթիվ խառնարաններ։ Վերջին տասնամյակներին այդ հետքերին ավելացել են նաև մարդկության տիեզերական առաքելությունների թողած նշանները՝ վայրէջքային մոդուլների և տարբեր սարքերի տեսքով։



