Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ: Բացի այդ, վերը նշված պաշտոնյան, զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը: Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 մլն դրամի գույքային վնաս, որից 43 մլն դրամը վերականգնվել է: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 2 դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10283

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով