Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ

Շինարարի օրը Հայաստանում այս տարի նշվում է մեծ հանդիսավորությամբ. լրանում է Հայաստանի շինարարների միության գործունեության 30-ամյակը։ Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ թեև Շինարարի օրը յուրաքանչյուր տարվա օգոստոսի երկրորդ կիրակին է, Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կրկնակի տոնի առթիվ օգոստոսի 7-ին կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը։ Նա ընդգծել է, որ շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյակին՝ փոխվարչապետը կարևորել է միության դերակատարումը ոլորտի զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի նպաստել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։ Շինարարներին շնորհավորել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մեծածավալ շինարարական ծրագրերի միջոցով ձևավորվում է նոր փորձառություն։ Այս համատեքստում նա անդրադարձել է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի 2029 թվականի առաջնության անցկացման նպատակով նոր մարզադաշտերի կառուցմանը։ Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանը հանձնել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ և շնորհակալագիր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 2025 թվականի նույն ամիսների համեմատ շինարարության ծավալն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։ 22%-ով ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները։ «Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին։ Կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման»,- նշել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը՝ թվային համակարգերի կիրառմամբ։ Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանն իր շնորհավորական խոսքում կարևորել է շինարարության ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների աշխատանքը։ «Շինարարների միությունը ոլորտի մասնագիտական հեղինակավոր հարթակ է, որն արդեն երեք տասնամյակ միավորում է շինարարներին, նախագծողներին, ճարտարապետներին, ինժեներներին, արտադրողներին և ոլորտի բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց աշխատանքով կերտում են Հայաստանի քաղաքներն ու համայնքները»,- ընդգծել է Վահան Հարությունյանը։ Նա և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։ Շինարարության բնագավառի նվիրյալներին շնորհավորել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ նրանց շնորհելով «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։ Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10304

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով