Պենտագոնը ԱՄՆ ՌՕՈւ նախկին նախարար Ֆրենկ Քենդալին զրկել է գաղտնի տեղեկությունների հասանելիությունից և արգելել զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք պահանջում են զգայուն տվյալների հասանելիություն, փոխանցել է CBS News-ը։ Պատճառը նախագահական Air Force One ինքնաթիռի հնարավորությունների մասին գաղտնի տեղեկությունների բացահայտման մեղադրանքն է եղել, հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Շոն Փարնելը։ Ըստ Պենտագոնի՝ Քենդալը լրատվամիջոցներից մեկին բացահայտել է գաղտնի տեղեկություն։ Թե հատկապես որ աղբյուրն է ստացել այդ տվյալները՝ գերատեսչությունը չի հստակեցրել։ Ինքը՝ Քենդալը, հայտնել է, որ չի հասկանում իրեն ներկայացված դժգոհությունը։ Նա Associated Press-ին հայտնել է, որ միշտ շատ ուշադիր է եղել գաղտնի տեղեկություններ չբացահայտելու հարցում և չգիտի, թե հատկապես ինչ տեղեկությունների բացահայտում են իրեն վերագրում։ Պենտագոնի որոշումը հաջորդել է ԱՄՆ-ին Կատարի նվիրած նոր Air Force One-ի մասին հրապարակումներին։ Մասնավորապես, լրատվամիջոցները հայտնել էին ինքնաթիռի համալրման հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ հրթիռային պաշտպանության որոշ ժամանակակից համակարգերի բացակայության, որոնցով կահավորված է նախորդ նախագահական ինքնաթիռը։ Քենդալը, որը նախագահ Ջո Բայդենի օրոք զբաղեցրել է ՌՕՈւ նախարարի պաշտոնը, լրագրողներին մեկնաբանել է կատարյան Boeing 747-ի բնութագրերը և ասել, որ դրա վերազինման ժամկետը չափազանց կարճ է եղել Air Force One-ի բոլոր ստանդարտ փոփոխությունները տեղադրելու համար։ Մոտ 400 մլն դոլար արժողությամբ նոր ինքնաթիռը վերազինումից հետո շահագործման է հանձնվել ԱՄՆ ներսում։ Անցյալ ամիս Թրամփն այն օգտագործել է Թուրքիա կատարած ուղևորության ժամանակ՝ ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու համար։ Սակայն նախագահը վերադարձել է արդեն հին Air Force One-ով՝ Իրանի դեմ ամերիկյան հարվածների մեկնարկի և Պարսից ծոցի երեք արաբական պետությունների դեմ Թեհրանի հարձակումների ֆոնին։ Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյաները հայտնել էին, որ ինքնաթիռը փոխարինելու որոշումն ընդունվել է Իրանի և նրա հետ կապված խմբավորումների կողմից նախագահի վրա հարձակման հավաստի սպառնալիքի մասին հետախուզական տվյալներ ստանալուց հետո։ CBS News-ի տվյալներով՝ դիտարկվել է Թրամփի ինքնաթիռի վրա հրթիռային հարվածի սցենար։ Հին Air Force One-ն ունի պաշտպանված կապի համակարգեր և ռազմական պաշտպանության ավելի բարդ միջոցներ։ Սպիտակ տունը հետագայում հայտնել է, որ Թրամփը կշարունակի օգտվել հին ինքնաթիռից, մինչև նոր օդանավն անցնի լրացուցիչ արդիականացում։ Աշխատանքները պետք է սկսվեն աշնանը և տևեն մոտ մեկ ամիս։ ԱՄՆ ՌՕՈւ-ն նշել է, որ կատարյան ինքնաթիռի արագացված նախապատրաստումն իրականացվել է առանց անվտանգության, հուսալիության և պաշտպանված կապի վնասման։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը խոստովանել է, որ որոշ բարդ ինժեներական փոփոխություններ միտումնավոր բացառվել են։ Մասնավորապես, ինքնաթիռում չեն ընդլայնել ելքի դռները և չեն տեղադրել մի քանի ներկառուցված սանդուղքներ։ Նոր Air Force One-ի մասին հրապարակումների ֆոնին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ The New York Times-ի լրագրողներին ծանուցագրեր էր ուղարկել՝ պահանջելով բացահայտել տեղեկատվության աղբյուրները։ Դատավորի քննադատությունից և հանրային արձագանքից հետո գերատեսչությունն անցյալ ամիս հետ է կանչել ծանուցագրերը։ Պենտագոնը չի հայտնել, թե արդյոք Քենդալի գործը կփոխանցվի քրեական հետապնդման համար։ Գերատեսչությունը միայն հայտնել է, որ գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը պարտադիր պարտականություն է, իսկ այս պահանջը խախտողները կարող են զրկվել դրա հասանելիության իրավունքից։



