Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է առաջընթաց Եվրամիության հետ վիզային ռեժիմի և Մաքսային միության շուրջ երկխոսությունում։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերի հետ հանդիպումից հետո։ «Ես ընդգծեցի, որ Եվրամիության ձեռնարկելիք քայլերը, առաջին հերթին՝ Մաքսային միության թարմացումը և առանց վիզայի ռեժիմի հարցով երկխոսությունը, բխում են մեր բոլորի շահերից»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Շտոքերի հետ քննարկվել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը նպատակահարմար են համարում գործող խառը տնտեսական հանձնաժողովի փոխարեն ստեղծել Համատեղ տնտեսական և առևտրային կոմիտե՝ ակնկալելով դրա առաջին նիստն անցկացնել մինչև տարեվերջ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Վիեննան համագործակցության զգալի ներուժ ունեն կանաչ էներգետիկայի, կարևոր նշանակության հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերը կարող են ռազմավարական համագործակցություն զարգացնել նաև Միջին միջանցքի ամրապնդման ուղղությամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության ապահովումը շարունակում է առաջնահերթություն մնալ Թուրքիայի համար։ Նա կարևորել է Սիրիայի վերականգնման գործընթացում Ավստրիայի ներդրումը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է նաև Անկարայի աջակցությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորմանը՝ այն կարևոր համարելով Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման համար։ Էրդողանը նաև ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան մատակարարման անհրաժեշտությունը և նշել, որ Թուրքիան ու Ավստրիան կարևորում են Բալկաններում կայունության պահպանումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10522

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով