Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կոչ է արվում նվազեցնել մանկական պատվաստանյութերի քանակը և նաև խորհուրդ է տրվում բաժանել կարմրուկի, կարմրախտի և խոզուկի (ԿԿԽ) պատվաստումները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ «Տասնամյակներ առաջ երեխաները ստանում էին այսօր անհրաժեշտ պատվաստանյութերի միայն մի փոքր մասը։ Այդ ժամանակներում մարդիկ շատ ավելի առողջ էին, և, իհարկե, այժմ դիտարկվող աուտիզմի բարձր ցուցանիշները գոյություն չունեին», – օգոստոսի 10-ին հրամանագիրը ստորագրելուց հետո ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ BBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը վաղուց կասկածի տակ է դրել ԿԿԽ պատվաստանյութերի անվտանգությունը, սակայն բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում որևէ կապ չի հայտնաբերվել պատվաստանյութերի և աուտիզմի միջև։ Հրամանագրով խորհուրդ է տրվում մանկական պատվաստանյութերի քանակն Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (AAP) կողմից առաջարկվող առկա 18 պատվաստանյութերից նվազեցնել մինչև 11։ Թրամփի հրամանագիրը ծառայում է որպես ուղեցույց և պարտադիր ուժ չունի, քանի որ դպրոց հաճախելու համար անհրաժեշտ պատվաստանյութերը սահմանվում են նահանգային մակարդակով, այլ ոչ թե դաշնային կառավարության կողմից։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ իր վարչակազմը «ճանաչում է միայն ամենալուրջ և վտանգավոր հիվանդությունների դեմ 11 հիմնական պատվաստումների ոսկե ստանդարտ հանդիսացող հանձնարարականները»։ Հրամանագրի համաձայն՝ բոլոր երեխաների համար խորհուրդ տրվող պատվաստումներն են կարմրուկի, խոզուկի, կարմրախտի, դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, պոլիոմիելիտի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, պնևմոկոկային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսի և ջրծաղիկի դեմ պատվաստումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10527

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով