Սանիտարական խախտումների պատճառով կասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը։ Արտադրամասում արտադրվում է «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադ։ Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, իրականացված վերահսկողության ընթացքում արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ, որոնք չեն համապատասխանում սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես, արտադրամասում չեն բացառվել սննդային հումքի և պատրաստի արտադրանքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։ Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև պատշաճ մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։ Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքի կառուցվածքային հատվածներում։ Մասնավորապես, հատակների, պատերի և դռների մակերևույթները չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերի վերաբերյալ պահանջներին։ Առաստաղն ու վերևում գտնվող կառուցվածքները նույնպես չեն ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և խոնավության խտացման կանխարգելման անհրաժեշտ պայմաններ։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքներն ու պարագաները նույնպես չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել պատշաճ վիճակում։ Բացի այդ, արտադրանքի մակնշման մեջ նշված չի եղել բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» պարտադիր գրառմամբ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսավարողին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրական տարածքն ու արտադրանքը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումների վերացման համար սահմանվել է կատարման ժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10527

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով