Օգոստոսի 11-ին Ադրբեջանի կառավարող զույգը այցելել է Նախիջևան։ Իլհամ Ալիևը «մարտական դրոշ է հանձնել համազորային բանակի «Կոմանդո» ստորաբաժանմանը», ինչպես նաև ներկա գտնվել «Մոմունե-խաթունի վերակառուցված դամբարանի և նրա անվան զբոսայգու բացմանը»։ Նախիջևանում Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ «Ադրբեջանի և նրա անբաժանելի մաս Նախիջևանի միջև ուղղակի հաղորդակցությունը վաղեմի երազանք է, որ արդեն մոտ է իրականացմանը»։ Ալիևը նշել է, որ Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը «գրեթե պատրաստ է, իսկ երկաթուղու կառուցումը ամեն պահ կարելի է արագացնել, որ կախված է հայաստան հատվածի կառուցման հետ»։ Ալիևը Նախիջևան է այցելել վաշինգտոնյան համաձայնությունների տարեդարձի առթիվ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության հրապարակումից մեկ օր հետո։ Մինչ այդ նա Դոնալդ Թրամփին անձնական ուղերձ է հղել, իսկ հաջորդ օրը Իրանի նախագահի հետ «սիրալիրություններ փոխանակել»։ Բաքուն և Թեհրանը հրապարակայնացրել են, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը «կանգնած է եղել իրանական եղբայր ժողովրդի կողքին»։ Ըստ երևույթին, կողմերը մարտի հինգին Նախիջեւանի օդավանակայանի դեմ «Իրանից դրոնային հարձակման» թեման փակված են համարում։ Ադրբեջանին հաջողվել է Իրանի դեմ պատերազմին մասնակցությունից խուսափել, ինչը, հավանաբար, Իսրայելում «տարակուսանքի» տեղիք է տվել։ Ֆեյսբուքյան «Իրանիստիկա» հարթակը, որ, ամենայն հավանականությամբ, գործում է Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո, Ալիևի Նախիջևան այցի առթիվ տեսակետ է հայտնել, որ «իրանա-ադրբեջանական ուղղությունը միայն զարգանալու և ամրապնդվելու է, քանի որ տարածաշրջանային նոր ճարտարապետությունում Բաքուն ուրիշի պատերազմով և քաոսով շահագրգռված չէ, նա շահագրգռված է իր կայունությամբ»։ Իրանա-ադրբեջանական «սիրալիրության» գնահատման համար, երևի, հարկ է սպասել ամիսներ առաջ անոնսավորված՝ Արաքսի վրա կառուցված կամրջի բացմանը։ Եթե այն տեղի ունենա և անցնի հանդիսավոր պայմաններում՝ կողմերի նախագահների մասնակցությամբ, կարելի է զգուշավոր եզրակացություն անել, որ Թեհրանը և Բաքուն փոխադարձ անվստահության տասնամյակների բարդույթը եթե ոչ լիովին, ապա գոնե հիմնական մասով հաղթահարել են։ Այս համատեքստում աչքի է զարնում Հայֆայի համալսարանի շրջանավարտ Lazar Jacubov-ի ֆեյսբոուքյան գրառումը: «Ադրբեջանը երկու ընտրություն ունի՝ լինել կամ Թուրքիայի, կամ Իրանի ստրուկը՝ փոխելով հայտնի կարգախոսը որպես «մեկ ազգ՝ մեկ պետություն»»։



