Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում, որը միակ ավտոմոբիլային ուղին է Վրաստանի և Ռուսաստանի միջև, 2 կիլոմետր երկարությամբ կամուրջ կկառուցվի։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ կամուրջը կկապի Ստեփանծմինդան և Գվելեթին։ «Գոյություն ունեցող ճանապարհը չէր բավարարում ժամանակակից տարանցիկ մայրուղու ստանդարտին և լրջորեն վնասվել էր, ինչի պատճառով նորոգումը չէր կարող բավարարել անվտանգության և թողունակության պահանջներին, ինչով էլ պայմանավորված է ճանապարհի այդ հատվածը նորից կառուցելու անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ճանապարհը կլինի երկկողմանի, 4,5 կիլոմետր երկարությամբ, երկու կամրջով և երկու թունելով։ Ընդ որում, կամուրջներից մեկը կլինի Վրաստանում ամենաերկարը՝ 2 կիլոմետր։ Վարչության տվյալներով՝ արդեն կառուցվել է 460 մետր երկարությամբ մեկ թունել, որտեղ արդեն ընթանում են բարեկարգման աշխատանքները։ Երկրորդ թունելը՝ 846 մետր երկարությամբ, գտնվում է կառուցման փուլում։ Նախագծի արժեքը 215,5 միլիոն լարի է, դրա ավարտը պլանավորված է 2027 թվականին:



