Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսը» համաձայնության է հասել «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Ըստ Իվան Կարպովի՝ Պիրեոսը ներկայացնող ակումբն այնքան է ցանկացել արագ ավարտին հասցնել գործարքը, որ պատրաստ է ֆուտբոլիստի համար նախատեսված հիմնական գումարը վճարել մեկանգամյա փոխանցմամբ։ Գործարքի հիմնական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո, որը «Օլիմպիակոսը» կփոխանցի մեկ վճարմամբ։ Տրանսֆերի պայմաններով նախատեսված է նաև մինչև 2 միլիոն եվրոյի բոնուսային վճարումներ։ Տիկնիզյանն արդեն ժամանել է Հունաստան, անցել բուժզննումը և փորձել նոր ակումբի մարզաշապիկը։ Նա նաև լուսանկարվել է իր գործակալ Կլյուևի հետ «Օլիմպիակոսի» մարզադաշտում։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում նախատեսում է հանդես գալ 4+1 մրցաշրջան, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 1,1 միլիոն եվրո։



