ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության պայմաններում դիվանագիտական հնարավորությունների առավելագույն օգտագործման կարևորությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղարար ջանքերին: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:



