Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Saudi Aramco նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ջիզանի նահանգում: Այս մասին հաղորդում է եմենական SABA լրատվական հարթակը։ «Զինված ուժերը հարված է հասցրել Ջիզանի Aramco նավթավերամշակման գործարանին», – գրում է գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի։ Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Ջիզանում Aramco նավթավերամշակման գործարանը գրոհի է ենթարկվել մի քանի անօդաչու թռչող սարքով։ Ջիզանը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Եմենի հետ սահմանի մոտ։ Այդ տարածաշրջանը կարևոր է Եմենի սահմանին մոտ լինելու և նավթային ու նավահանգստային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Saudi Aramco-ի օբյեկտների առկայության պատճառով։ 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։



